Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնում հետազոտվում են կոսմոլոգիայի ոչ գծային խնդիրներ, ներառյալ
ժամանակակից թվային մեթոդներով՝ խոտորված Համիլտոնյան համակարգերի էվոլյուցիայի, գրավիտացիոն
համակարգերի կայունության, N մարմինների քաոսի, ազդանշաններում ոչ պատահական տիրույթների ընդհանրական
նկարագրության: Հետազոտությունները վերաբերվում են տիեզերական միկրոալիքային մնացորդային ճառագայթմանը,
կոնֆորմ պարբերական կոսմոլոգիային, ժամանակի աղեղին, գրավիտացիայի ընդհանրացված մոդելներին, մութ
սեկտորին: Մշակված մեթոդների կիրառումը ներառել է նաև գենոմային հաջորդականություններ՝ կոդավորում և
մուտացիաներ (ստացվել է ԱՄՆ պատենտ):
Ընթացիկ աշխատանքները ընդգրկում են մասնակցություն LARES (Laser Relativity Satellite, Իտալական
տիեզերական ընկերություն) արբանյակային ծրագրում՝ մեծ ճշտությամբ Հարաբերականության ընդհանուր
տեսության ստուգում, Լորենց ինվարիանտության ստուգման նախաձեռնում և իրականացում Եվրոպական Սինքրոտրոն
Ճառագայթման համալիրում (European Synchrotron Radiation Facility, Grenoble); ստացված
արդյունքները դարձել են ստուգողական թվեր տեսական մոդելների համար:
Զեկույցներ՝ Սոլվեյի (Solvay) ֆիզիկայի գիտաժողովում, Միջազգային աստղագիտական միության (IAU) Գլխավոր
ասամբլեայում, Շվեյցարական գիտության, տեխնիկայի և էսթետիկայի բիենալում, Քլեյ (Clay) մաթեմատիկայի
ինստիտուտում (Օքսֆորդ), այլ հեղինակավոր ֆորումներում: Ընթացիկ հետազոտությունները հիմնականում
իրականացվում են համագործակցությամբ ճանաչված կենտրոնների հետ:
գտնել ավելին