ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԻ ԽՈՒՄԲԸ (ՄՏԻ) ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ARMS CONTROL OF THE YEAR PERSON ՄՐՑԱՆԱԿԻ

2019 թվին առաջին անգամ Arms Control of the Year Person հեղինակավոր և արդի իրականության պայմաններում էական նշանակություն ունեցող մրցանակին է արժանացել հայազգի գիտնական` պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտ) իր խմբի հետ:

2007-ից Arms Control Association հասարակական կազմակերպության անձնակազմը և տնօրենների խորհուրդը առաջադրում է մրցանակի համար անձանց կամ կազմակերպությունների, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում զինամթերքի վերահսկողության, տարածման կանխարգելման, զանգվածային ոչնչացման զինամթերքի սպառնալիքի վերաբերյալ իրազեկման բարձրացման, ինչպես նաև զինաթափման ոլորտներում: Մրցանակակիրների ամբողջական ցուցակը հասանելի է հետևյալ հղումով https://www.armscontrol.org/acpoy/previous

Արեգ Դանագուլյանի հետ` 2019 մրցանակի հավակնորդներից էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Շվեդիայի ԱԳՆ, ԱՄՆ սենատորներ և կոնգրեսմեններ: Հայազգի գիտնականը  իր խմբի անդամների հետ մշակել է միջուկային զինաթափման ստուգման նորարարական մեթոդ հիմնված նեյտրոնային փնջերի օգտագործման վրա: Դեկտեմբերի 12-ից մինչև հունվարի 9 ընթացող օնլայն հարթակում Արեգ Դանագուլյանի թիմը հավաքեց ձայների մեծամասնությունը` արժանանալով մրցանակին:

Ինչպես նշել է Arms Control Association գործադիր տնօրեն Դերիլ Քիմբլը “Այս նորարարությունը ճանապարհ է հարթում զինամթերքի վերահսկողության առավել արդյունավետ պայմանագրերի և վերջիններիս կիրառման համար: Պրոֆեսոր Դանագուլյանի խմբի գիտական ներուժը և այս նորարարությունը կնվազեցնեն միջուկային զինամթերքի սպառնալիքը և կնպաստեն ապահովության բարձրացմանը”:

Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Արեգ Դանագուլյանին իր արդյունավետ գիտական աշխատանքի և արժանավայել մրցանակի կապակցությամբ` մաղթելով հետագա հաջողություններ իր գործունեությունում, հասարակության առաջընթացը խթանող նոր գիտական բացահայտումներ և լուծումներ:

 

Թարմացված է՝ 01/12/20