ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Ա.ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ)  տնօրեն Անի Ապրահամյանը  և Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հունիսի 20-ին 
կնքեցին համագործակցության համաձայնագիր:
Ստորագրմանը ներկա էին նաև Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և ԱԱԳԼ գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը:


Համաձայնագրի առանցքային նպատակն է զարգացնել և ընդլայնել Հայաստանի հանրապետությունում առկա գիտական ներուժը, ինչը իր հերթին կնպաստի երկրի տեխնոլոգիական տնտեսության կայացմանը: Այդ նպատակով նախատեսվում է համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրագործում` ելնելով աշխատաշուկայի և մասնավորապես ԱԱԳԼ հեռանկարներից, ինչպես նաև գիտական սերտ համագործակցություն:

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Երևանի պետական համալսարանի միջև կապերը խորը արմատներ ունեն, քանզի ԱԱԳԼ (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) հիմնվել է որպես Երևանի պետական համալսարանի մի մաս: Այս համագործակցության համաձայնագիրը պետք 
է խթան հանդիսանա այդ կապերի վերածննդի համար` դրանով 
իսկ նոր հորիզոններ բացելով ինչպես Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի համար, այնպես էլ ԱԱԳԼ-ի գիտնականների համար։


Համաձայնագրի ստորագրումից հետո Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետի կոնֆերենց դահլիճում պրոֆեսոր Անի Ապրահամյանը 
ներկայացրեց Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ուղղությունները, նվաճումները և փորձարարական բազան:

Թարմացված է՝ 06/25/19