Նախատեսվող արագացուցչային նոր համալիրն իր մեջ կներառի C70 ցիկլոտրոն, որը կապահովի 70 MeV էներգիայով և 1 mA հոսանքով արտաքին պրոտոնային փունջ, 15-35 MeV էներգիայով և 50 A հոսանքով դեյտրոնային փունջ, 70 MeV էներգիայով և 35 A հոսանքով 4He փունջ, ռադիոակտիվ միջուկների փնջերի ստացման համար անհրաժեշտ թիրախային համակարգ, մասս-սեպարատոր և LINAC1 (0.15-1.5 MeV/u), LINAC2 (1.5 MeV/u-15-20 MeV/u) գծային արագացուցիչներ, ինչպես նաև 18 MeV էներգիայով և 100 A հոսանքով պրոտոնային փունջ ապահովող C18 ցիկլոտրոն: Վերջինիս տեղադրման աշխատանքները գտնվում են ավարտման փուլում և այն կհանձնվի շահագործման սույն տարվա վերջին: Բարձր ինտենսիվությամբ C70 ցիկլոտրոնը հնարավորություն կտա ստանալ նեյտրոնային փնջի մեծ հոսք, որն էլ իր հերթին թույլ կտա կատարել հետազոտություններ միջուկային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կենսաֆիզիկայի և բժշկության ոլորտներում, ինչպես նաև հնարավորություն կտա կատարելագործել տարբեր բնագավառներում կիրառվող դետեկտորներ և էլեկտրոնիկա:

Համալիրի ստեղծումը կնպաստի ցածր էներգիաների տիրույթում միջուկային ֆիզիկայի մի շարք գիտափորձերի իրականացմանը: Այդ գիտափորձերը կկատարվեն կայունության հովտից դուրս: Մասնավորապես, ցածր էներգիաներով էկզոտիկ միջուկների փնջերով կատարված ուսումնասիրությունները թույլ կտան հետազոտել միջուկի կառուցվածքը և դինամիկան կայունության հովտից դուրս գտնվող միջուկների համար :

Առաջարկվող ծրագիրն արդիական է և ունի կիրառելիության լայն տիրույթ: Դրա մասին վկայում է այն փաստը, որ նման համալիրներ ստեղծվել կամ ստեղծման փուլում են աշխարհի մի շարք երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա և այլն) :

ԱԱԳԼ-ի Գիտական Խորհուրդը կարևորելով առաջարկված ծրագիրը' առաջարկեց վերամշակել այն և ստեղծել տեխնիկական նախագիծ, որը հնարավոր կլինի ուղարկել համապատասխան միջազգային կենտրոններ կարծիքներ ստանալու նպատակով:

Առաջարկվող արագացուցչային համալիրի ծրագիրը քննարկվել է և հավանության արժանացել SLAC-ում և Adelphi Technology Inc.-ում (ԱՄՆ), որոնք նեյտրոնային փնջեր ստանալու ասպարեզում հանդիսանում են առաջատար գիտական կենտրոններ: