ԳՊԿ նախագահն ու “ՔԵՆԴԼ”-ի ղեկավարը արդեն անկառավարելի էին: Նրանց արտահայտած անհեթեթությունների տարափը անհնար էր կանգնեցնել: Ճիշտ է, “ՔԵՆԴԼ”-ի ներկայացուցիչը սկզբում վախվորած աջ ու ձախ նայեց, բայց աննկուն ԳՊԿ-ականը վստահ էր սկզբից: ԱՊՀ տարածքում առաջինն ենք, իսկ տարածաշրջանում միգուցե երկրորդը`Իսրայելից հետո,- առանց աչք թարթելու հայտարարեց Ս. Հարությունյանը:Ինչո՞վ եք առաջինը`ստախոսությա՞մբ: Միգուցե` բայց դա ի՞նչ գլուխ գովելու բան է: Պարզվում է`մեկ գիտնականին ընկնող տպագրությունների թվով: Միանգամից բացում ենք Thomson Reuters գործակալության WEB of SCIENCE կայքը: Չգիտեմ ինչ նկատի ունի աննկուն գիտնական Ս. Հարությունյանը “տարածաշրջան” ասելով, բայց եթե Իսրայելը այնտեղ կա, երևի հարևան Իրանն ու Թուրքիան էլ պետք է լինեն: 2013թվականին ամբողջ Հայաստանը տպագրել է 765 գիտական հոդված, Իրանը` 26153:Որպեսզի մեկ շնչին ընկնող գիտության ԳՊԿ-ական անհեթեթության պատասխանն էլ տանք (ԳՊԿ նախագահն այն անվանում է “1000 գիտնականի կտրվածքով”), բերեմ միայն մի թիվ: Ամենաշատ տպագրված աշխատանքներ ունեցող իրանական համալսարաններից վերցնենք 11-րդը: Դա Շիրազի Տեխնոլոգիական Համալսարանն է (Shiraz University of Technology (SUTECH), http://www.sutech.ac.ir/portal/show.aspx?Page=322), որը, կարող եք ստուգել `ընդամենը 1100 ուսանող ունի: Նույն 2013 թվականին տպագրել է 912 աշխատանք: Ավելի շատ, քան ամբողջ Հայաստանը: Այն տպագրված աշխատանքներում, որոնք վերաբերում են մեծ կոլաբորացիաներին և որոնցով հաշվետու է լինում ԳՊԿ նախագահն իր ոլորտի համար, այս իրանական համալսարանը նույնպես համահեղինակ է: Ու՞մ եք խաբում և մինչև ե՞րբ: Չներկայացնեմ առաջին տասնյակի համալսարանները` պարզապես անիմաստ է համեմատությունը:Թուրքիայի գիտության հետ համեմատությունն էլ նույն պատկերն ունի: Նույն 2013-ին տպագրված 29394 աշխատանք և աշխատանքների թվով 11-րդ հորիզոնականը զբաղեցնող համալսարանը (MARMARA UNIVERSITY) ունի 774 տպագրված աշխատություն: Եկեք չներկայացնեմ մնացած թվերը: Լավ իմանալով ԳՊԿ գործելաոճը, հաստատ գիտեմ` ինձ հայրենիքի դավաճան կհայտարարեն:Իսկ ինչ վերաբերում է ստեղծարար գործունեությանը, որով 2013-ին Հայաստանը, ըստ բանախոսների, մտավ աշխարհի եզակի երկրների ցուցակը` դա արդեն գլուխգործոց էր: Ստեղծվել է “ԱՐԵԱԼ” գծային արագացուցիչ,- հայտարարեցին միաբերան բոլոր մասնակիցները և սկսեցին քննարկել ինչ որ գիտական մանրամասներ լիցքավորված մասնիկների մասին: Մի գուցե սկսեիք “ստեղծել” գաղափարը բացատրելու՞ց: Ի՞նչ է նշանակում “ստեղծել”: Եթե ես հեռուստացույց գնեմ խանութից և տանը միացնեմ`կարո՞ղ եմ արդյոք պնդել, որ հեռուստացույց եմ ստեղծել: Իսկ եթե հին, բայց դեռ աշխատող հեռուստացույցս էլ նվիրեմ հարևանիս` նա կարող է միացնել այն և պնդել, թե հեռուստացույց է ստեղծե՞լ:Գերմանական DESY արագացուցիչի ղեկավարությունը մի քանի տարի առաջ “ՔԵՆԴԼ”-ին նվիրել էր “գրեթե նոր” գծային արագացուցիչ: Դրա մասին շատ խոսվեց մամուլում: Ենթադրենք այն միցրել եք այստեղ ու փունջ ստացել: Դրա համար էլ արտադրել էին այդ արագացուցիչը` ի՞նչն եք դուք ստեղծել: Շե՞նքը, որտեղ տեղադրել եք այդ նվիրած սարքը: Մեկը հարցնի, թե միլիոն դոլարանոց շենք ինչու՞ էիք սարքում և հետո գլուխ գովում: Երևի Հայաստանում գծային արագացուցիչ չկա՞ր։Ասենք, որ Երևանի ֆիզիկայի Ինստիտուտի տարածքում առնվազն երեք աշխատող գծային արագացուցիչ կա: Չէի անդրադառնա այս ամենին, եթե զուգահեռներ չտարվեր Ալիխանյանի ստեղծած արագացուցչի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ, օղակաձև արագացուցիչ “ԱՐՈՒՍ”) և Գերմանիայից նվեր ստացած սարքի միջև: Արդեն անպատիժ զուգահեռներ են տարվում Արտեմ Ալիխանյանի և Վասյա Ցականովի միջև: Երևի Հայաստանում էլ ֆիզիկոս չկա:

Սասուն Գևորգյան, Նախկին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի նախկին աշխատակից -

Source: http://www.lragir.am/index/arm/0/society/view/94445#sthash.RPPi40fM.dpuf