Յոհանես Կնապ

Գիտությունը չքարոզելու դեպքում տանուլ կտաք

DESY-ի (Գերմանական էլեկտրոնային սինխրոտրոն) պրոֆեսոր Յոհանես Կնապը, ով զբաղվում է Տիեզերական մասնիկների ֆիզիկայով, պարբերաբար այցելում է Հայաստան եւ դասախոսություններ կարդում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում: 

Վերջերս նա մասնակցել է DAAD Հայաստանի կազմակերպած «Համագործակցություն. ընդհանուր հետաքրքրություններ Ֆիզիկական գիտությունների ոլորտում» աշխատաժողովին, որի նպատակն էր քննարկել Հայաստան-Բրենդենբուրգ գիտական համագործակցությունը:

Գիտության ոլորտի խնդիրները, որ լուծումներ են պահանջում

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտն (ԵրՖի) ու DESY-ն երկար տարիներ համագործակցում են, բայց գործակցությունը ցածր մակարդակի վրա էր: Թեեւ մենք փոքր նախագծեր ունեինք ԵրՖի-ի մասնագետների ու գիտնականների համար, այնուամենայնիվ նրանք դրանց ընթացքում մասնակցել են մեծ փորձերի եւ շատ բան են սովորել: 

Մենք մի խնդիր ենք տեսնում այստեղ. երիտասարդներն ավելի շատ ցանկանում են զբաղվել այլ բաներով, օրինակ՝ բիզնեսով, որպեսզի շատ գումար վաստակեն, եւ այնքան էլ շատ չեն մարդիկ, ովքեր հետաքրքրված են ֆիզիկայով ու գիտությամբ: 

Դա պայմանավորված է Հայաստանում գիտնականների համեմատաբար ցածր աշխատավարձով: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարության հետ կարող եք փոխել այս իրավիճակը: 

Քննարկումներ ենք ունեցել նախկին կառավարության հետ եւ առաջարկել ենք բարձրացնել գիտնականների աշխատավարձերն այնքան, որ մարդիկ կարողանան ապրել դրանով, այլապես Հայաստանը կկորցնի երիտասարդ տաղանդների բազան, որն ավելի լավ պայմաններով աշխատանք կգտնի արտասահմանում:

Փորձում ենք աջակցել եւ տեղեկացնել մարդկանց գիտության մեջ կարիերայի ներուժի մասին, ինչպես նաեւ օգնել Հայաստանին ներգրավվել համաշխարհային գիտական փորձերում: Եթե դա ստացվի, մենք օգուտներ կքաղենք բոլոր խնդիրների վրա աշխատող խելացի մարդկանցից: Եթե ոչ՝ Հայաստանը ստիպված պետք է մտածի, թե ինչպիսին կլինի իր գիտական ապագան:

Ի՞նչ կլինի, եթե չափից շատ մարդիկ մեկնեն արտերկիր: Ո՞վ կզբաղվի գիտության ժամանակակից խնդիրներով: Գիտնականների միայն մի փոքր մասն է Հայաստանում մնացել եւ հետազոտություններով զբաղվում, մյուսները նախընտրում են այլ ոլորտներ: Երկրի բարեկեցության համար կարեւոր է ունենալ լավ պատրաստված գիտնականներ եւ ինժեներներ: Կարծում եմ, Հայաստանը պետք է ավելի շատ զբաղվի այս հարցերով:

 

Գիտությամբ հետաքրքրված հասարակություն ունենալու կարեւորությունը

Հասարակության եւ գիտության միջեւ անդունդ կա, եւ սա խնդիր է ամենուր: Այնուամենայնիվ, մարդիկ ընդառաջ են գնում հասարակությանը, բացատրում են, թե ինչու է գիտությունը կարեւոր, գնում են դպրոցներ, բաց դռների օրեր են հայտարարում, եւ դա շատ է գրավում մարդկանց՝ իմանալու գիտության եւ գիտնականների կողմից կատարվող աշխատանքների մասին: Դա պետք է նաեւ Հայաստանում տեղի ունենա:

Գերմանիայում նաեւ ուսուցիչների համար դասընթացներ ենք կազմակերպում, նրանց ծանոթացնում ենք գիտության կոնկրետ ոլորտներում առկա հետազոտություններին: Նրանք էլ կարողանում են սովորեցնել երեխաներին: Եթե չքարոզեք գիտությունը, ապա, հավանաբար, տանուլ կտաք:  

 

Կրթական համակարգն ու կառավարության դերը

Հայաստանն ավանդաբար շատ լավ կրթական համակարգ ուներ, եւ մարդիկ, ովքեր այժմ թոշակի են անցնում, շատ պատրաստված էին: Բայց այս պոտենցիալն այժմ մահանում է կամ հանգստի անցնում, եւ գործընթացը չպետք է կանգ առնի, դուք պետք է համոզված լինեք, որ երիտասարդները ստանում են որակյալ կրթության նույն հնարավորությունը կյանքի բոլոր ոլորտներում եւ գիտության բնագավառներում: 

Այսօր կան շատ դասընթացներ, որոնց կարելի է հետեւել առցանց, սակայն դրանք անգլերեն լեզվով են եւ հիմնականում անգլիական կամ ամերիկյան կրթական համակարգին են պատկանում: Պետք է համոզված լինեք, որ հայ երիտասարդների համար դրանք հասանելի են: 

Յոհանես ԿնապըՅոհանես Կնապը

Ի՞նչ կարող է անել կառավարությունը: Այն պետք է գիտակցի կրթության կարեւորությունը եւ աջակցի գիտնականներին: Նրանք պետք է գումարներ ներդնեն գիտության մեջ այնպես, ինչպես շինարարության, տուրիզմի եւ այլ ուղղություններում: Սա կարեւոր է, քանի որ ապագան կառուցվում է կրթության վրա: 

Ուղեղների արտահոսքն ու որակյալ գիտնականներին վերադարձնելու ուղիները

Իհարկե, արտասահման գնալը լավ է, գիտնականների համար գրավիչ են կենսամակարդակը եւ իրենց գնահատված զգալը: Բայց հայերը սիրում են իրենց տունը, լեզուն եւ մշակույթը, այնպես որ` դուք պետք է նաեւ Հայաստանը գրավիչ դարձնեք: Շատ հայ ասպիրանտներ եւ գիտնականներ կցանկանան վերադառնալ, եթե ունենան համապատասխան աշխատանքի հնարավորություններ իրենց սեփական երկրում: Այս լավ պատրաստված մասնագետները երկար ժամանակ սովորել են, որպեսզի կարողանան արժանապատիվ աշխատավարձը ստանալ եւ ապահովել իրենց ընտանիքների բարեկեցությունը:

Անշուշտ, դուք կարող եք օգուտներ քաղել նաեւ այն երկրների հետ կապերից, որտեղ ապրում եւ աշխատում են հայ գիտնականները, բայց ձեզ անհրաժեշտ է վերադարձնել այդ գիտնականներին: Կարծում եմ՝ եթե կարողանանք վերադարձնել նրանց 10%-ին, դա մեծ առավելություն կլինի: 

Թարմացված է՝ 08/12/18