Արյունոտ լուսին. 21-րդ դարի ամենաերկար տեւողություն ունեցող լուսնի խավարումը հուլիսի 27-ին

Հուլիսի 27-ին տեղի է ունենալու դարի ամենահետաքրքիր աստղագիտական երեւույթներից մեկը՝ Լուսնի ամենաերկար, լրիվ խավարումը, որը ստացել է «Արյունոտ Լուսին» խավարում անվանումը: Խավարման ընդհանուր փուլը կտեւի 1 ժամ 43 րոպե, որի ժամանակ լրիվ խավարման սկիզբը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30 –ին (GMT +4 ) իսկ առավելագույն խավարումը տեսանելի կլինի Երեւանի ժամանակով 00։21-ին (GMT +4 ). խավարման ընթացքում Երկրի բնական արբանյակը կստանա արյունոտ գույնի:
Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող՝ Վաչիկ Խաչատրյանը նշեց. «Այս լուսնի խավարումը նշանակալի է նրանով, որ այն 21-րդ դարի ամենաերկար տեւող խավարումն է, երկարությունը պայմանավորված է լուսնի՝ երկրից հեռավորությամբ. այս պահին լուսինը գտնվում է երկրից ավելի հեռու դիրքում։ Այս խավարումը նշանակալի է նաեւ նրանով, որ այն, այսպես կոչված, կենտրոնական է, ինչն էլ նշանակում է, որ լուսինը հատում է երկրի ստվերը կենտրոնի մասով։ Եվ երբ լուսինը ամբողջությամբ կգտնվի երկրի ստվերի մեջ, այդ ժամանակ մենք ականատես կլինենք շատ գեղեցիկ երեւույթի, երբ խավարման պիկին լուսինը կստանա արյունոտ երանգ»։
«Արյունոտ լուսին» երեւույթը իրենից ներկայացնում է երկրի մթնոլորտից անցնող արեգակի լույսը, որն ընկնում է լուսնի մակեեւույթի վրա։ Երկրի օդը ինքնին բեկվում է ավելի կարճ ալիքի լույսերի, ինչպիսիք են՝ կապույտը եւ մանուշակագույնը, եւ այն ինչը մնում է երկար ալիքի լուսյն է, որը հենց կարմիր գույն ունի։
 
Լուսնի խավարումը հնարավոր կլինի դիտել Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Արեւելյան Եվրոպայում։
 
Կարեւոր փաստ է նաեւ այն, որ հուլիսի 27-ին, հենց այս օրը տեղի է ունենալու Մարսի մեծ դիմակայությունը, որի ժամանակ Երկիրն ու Մարսը գտնվելու են ամենամոտ հեռավորության վրա։ Ինչպես նշեց Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանը, այս երեւույթը վերջին անգամ դիտվել է 2003թ-ին, իսկ հաջորդ անգամ այս երեւույթը կդիտվի Հոկտեմբերի 13, 2020թ.։
Բայց ահա լուսնի հաջորդ լրիվ խավարումը տեղի կունենա 2019թ-ի հունիսի 21-ին եւ տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայից. այդ ժամանակ տեւողությունը կլինի՝ 1ժամ 2րոպե։
Ա.Ալիխանյանի ազգային գիտական լաբորատորիան հուլիսի 27-ին՝ ժամը 23։30-ին կազմակերպել է միջոցառում, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան տեսնել այս երեւույթը Երեւանի «Կասկադ» համալիրում։
Թարմացված է՝ 01/01/70