ԼՈՒԷ-75 գծային արագացուցչային համալիրի խոստումնալի հաջողությունները 2018 թ.-ին

ԼՈՒԷ -75 գծային արագացուցիչը  մինչ 2005 թ. ծառայել է որպես Երևանի ԱՐՈՒՍ սինքրոտրոնի ինժեկտոր: 2008 թ. ԱՐՈՒՍ սինքրոտրոնի աշխատանքի դադարեցումից  հետո ԼՈՒԷ -75-ը գործել է որպես փորձարարական բաժանմունքի միակ բազային սարքավորում ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայի արդիական խնդիրների համար: Վերջին տարիներին կատարվել են գծային արագացուցչի վերականգնողական և բարելավման աշխատանքներ հուսալիությունը բարձրացնելու նպատակով: Գծային համալիրում  ի շնորհիվ սինքրոտրոնային սրահում  կառուցած հատուկ զուգահեռ տեղափոխման փնջատարի և մագնիսական օպտիկայի հնարավոր եղավ իրականացնել տարբեր գիտափորձեր՝  էլեկտրա (ֆոտո)-միջուկային երևույթների հետազոտման փորձեր, էլեկտրոնների ճառագայթման ուսումնասիրությունը մոնոկրիստալներում, ինչպես նաև ռադիացիոն դիագնոստիկայի նպատակներով  99mTc  իզոտոպի ստացման հնարավորության ուսումնասիրումը էլեկտրոնային արագացուցչի օգտագործման եղանակով:

     2015-2018 թթ.գծային արագացուցչի ցածր ինտենսիվությամբ հատուկ մշակված ռեժիմներում ստացված փնջերն (10-20 e-/վ) օգտագործվեցին Mu2e (FNAL, USA)  գիտափորձի համար CsI բյուրեղների տրամաչափման համար ՄՀՄԻ (Դուբնա, ՌԴ) հետ համատեղ:

    15-50 ՄէՎ էներգիաների տիրույթում  5 ՄէՎ քայլով  9 CsI  բյուրեղներից կազմված (3×3) մատրիցայով կատարված չափումները լրացրեցին 80-120 ՄէՎ էներգիաների տիրույթում ՄՀՄԻ թիմի Ֆրասկատիում (Իտալիա) ձեռք բերված արդյունքները (տես նկ.1):

        

Նկ. 1.Գրանցված դեպքերի բաշխումը ըստ կանալների (ձախ նկար), 9 CsI  բյուրեղներից կազմված մատրիցայի էներգետիկ լուծողականությունը (աջ նկար):

   Նշված գիտափորձերում էլեկտրոնային փնջի առավելագույն էներգիան հասել էր 50 ՄէՎ-ի, քանի որ ԼՈՒԷ-75-ի երեք արագացնող կայաններից միայն երկուսն էին օգտագործվել:

   Վերջերս`Հ. Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները կապված ԼՈՒԷ-75 գծային էլեկտրոնային արագացուցչի հիման վրա ստեղծված համալիրի հետ:

  1. Գծային արագացուցչի բարելավման արդյունքում, մասնավորապես երրորդ արագացնող կայանի գործարկումից հետո, արագացուցչի գծային մասում ստացվել է մինչև 75 ՄէՎ էներգիայով կայուն էլեկտրոնային փունջ 0,5 մկԱ միջին հոսանքով:

 

 

 

Նկ. 2. Գծային արագացուցչի ընդհանուր տեսքը:

  1. 70 ՄէՎ էներգիայով փունջը հաջողությանբ տեղափոխվեց  մինչև զուգահեռ տեղափոխման մագնիսական օպտիկայի  վերջը:

 

Նկ. 3.  70 ՄԷՎ-ոց փնջի հետքը լյումինոֆոր էկրանի վրա զուգահեռ  տրակտի վերջում:

     Շարունակվում են զուգահեռ տեղափոխման մագնիսների ջերմային դիմադրությունը ապահովելու աշխատանքները: Այդ նպատակով պատրաստվում են նոր լրացուցիչ փաթույթներ, որոնց տեղադրումը կապահովի անվտանգ երկարատև փնջային սեանսների հնարավորությունը:

    Նախատեսվում է ՄՀՄԻ (Դուբնա, ՌԴ) – ԱԱԳԼ (Երևան)  համագործակցության  շարունակությունը Mu2e (FNAL, USA) գիտափորձի էլեկտրամագնիսական կալորիմետրի նախատիպի բյուրեղների տրամաչափման  համար: Այդ նպատակով առաջիկայում մշակվելու են  ԼՈՒԷ-75 գծային արագացուցչային համալիրում  չափազանց  ցածր ինտենսիվությամբ (10-20 e-/վ) թեստային փնջերի ստացման ռեժիմներ 50–75 ՄէՎ էներգետիկ տիրույթում: 2015–2018 թթ.  այդպիսի աշխատանքներ կատարվել են 15-50 ՄէՎ թեստսյին փնջերով,  կատարած աշխատանքների արդյունքները ուղղարկվել են տպագրության:

Նկ. 4. Փնջի կարգավորում

  1. 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գծային արագացուգչի բարելավման աշխատանքներին զուգահեռ առաջացավ  հնարավորություն, և որոշվեց 30 Մէվ էներգիայով և 0.5-0.8 մկԱ միջին հոսանքով փնջերը տրամադրել երկու տարբեր խմբերի` ճառագայթման փորձեր կատարելու համար.

 

Նկ. 5. Փորձարարները և արագացուցչի աշխատակիցները ԼՈՒԷ-75-ի վահանակային ղեկավարման սրահում:

առաջինը`  Երևանի պետական համալսարանի և ԱԱԳԼ Հիմնադրամի  Հ. Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի որոշ աշխատակիցների համատեղ փորձն էր, որի նպատակն էր ուսումնասիրել ֆոտոմիջուկային ռեակցիաներում ալֆա մասնիկների առաջացման մեխանիզմները: A(γ, α)A’ տիպի պրոցեսների ուսումնասիրության համար մասնավորապես օգտագործվել են 51V, 65Cu, 92Mo, 115In և 207Pb թիրախներ:

 

Նկ. 6. ԵՊՀ – ԱԱԳԼ գիտափորձը՝ նմուշի տեղադրումը:

երկրորդը` փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի խմբերից մեկի աշխատակիցների կողմից առաջարկած փորձը' բազմանեյտրոնային համակարգերի որոնում արգելակման ֆոտոններով հարուցված պրոցեսներում, մասնավորապես միջուկների տրոհման էկզոտիկ 209Bi(γ, mn)209-mBi կանալներում: Սպասվում է, որ ենթաշեմային 30 ՄէՎ էներգիաներով ճառագայթումն ավելի բարենպաստ  հնարավորություն է երկու, երեք և չորս նեյտրոնների կապված համակարգերի որոնման համար: Որպես թիրախ օգտագործվել է BGO(Bi4Ge3O12) նյութը:

Նկ. 6. Փորձարարական ֆիզիկայի բաժանմուքի գիտափորձը՝ նմուշի տեղադրումը:

Փորձերը հաջողությամբ իրականացվել են, արդյունքները մշակվում են:

     Այսպիսով, ԼՈՒԷ-75 գծային արագացուցչային համալիրում էլեկտրոնների էներգիայի բարձրացումը մինչև 75 ՄէՎ լիովին կապահովի ՄՀՄԻ (Դուբնա, ՌԴ) խմբի կողմից կատարվող չափումները CsI բյուրեղներից կազմված մատրիցայի համար էլեկտրոնների 80 ՄէՎ-ից ցածր էներգիաների տիրույթում: Բացի այդ, այն հնարավորություն կտա ուսումասիրել ֆոտոմիջուկային պրոցեսներն ավելի բարձր շեմ ունեցող ռեակցիաների համար, որոնք հայտավորված են Երևանի Պետական Համալսարանի և ԱԱԳԼ-ի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի խմբերի կողմից: Նման փնջերի առկայությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծվի հիմնարար և կիրառական խնդիրների ուսումնասիրության համար:

     Շնորհավորում ենք փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի`հատկապես արագացուցչի աշխատակիցներին, որոնց ցուցաբերած համառ աշխատանքի արդյունքում է, որ հնարավոր եղավ հասնել այսպիսի հաջողության: Այս առիթով շնորհավորում ենք նաև ԱԱԳԼ հիմնադրամի բոլոր աշխատակիցներին:

Հ. Վարդապետյանի անվան Փորձարարական Ֆիզիկայի Բաժանմունք

 

Թարմացված է՝ 12/10/18